ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ի գիտություն ամենքին

Ի գիտություն ամենքին
18.10.2025 | 12:55

Երբեք ցանկություն չի եղել խոսելու կամ գրելու հոգևոր իմ ծառայության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն միմիայն տեսանելի պետք է լինի մեր Տիրոջը, ՈՒմ շնորհով անձը ձեռնադրվում և օծվում է քահանա: Իսկ քահանան էլ, որպես հոգևոր նվիրապետության մի աստիճանավոր, բացառապես հնազանդ և հաշվետու պետք է լինի իր հոգևոր վերադասին: Ա՛յս է հոգևորականի ճշմարիտ ծառայական կերպը, նրա վեհ կոչումն ու սուրբ առաքելությունը:

Սակայն այսօրվա մեր իրականությունը, որը լեցուն է կատարյալ ստորաքարշ զրպարտություններով, անզգամ շինծու մեղադրություններով, հակաօրինականություններով՝ հարկ համարեցի ի գիտություն ամենքի գրել հետևյալը:

2003 թ. ի վեր նախ՝ որպես քահանա, իսկ 2019 թ. որպես միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ ազատ կամքով և գիտակից վճռով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին: Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ, հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռք չբարձրացնի, որպեսզի երկու կողմերն իրար լսելի լինեն և այդ ամենը ծառայի ազգի ու պետության գերագույն շահերին: Եվ գրեթե միշտ մասնակցել եմ իմ հոգևոր եղբայրների ընկերակցությամբ՝ այն վճռականությամբ, որ միշտ պատրաստ պետք է լինենք՝ նաև որպես կենդանի պատ կանգնելու մեր ազգակիցների՝ ցուցարարների ու ոստիկանների, քաղաքացիների և պետության միջև: Եվ այդ բոլոր տարիներին ապրել եմ և գոհության, և ուրախության, և ծանր դառնության՝ խորը ցավի պահեր…

Եվ հոգևորականի այդ ներկայությունը գնահատել ու երախտագիտությամբ է ընդունել թե ժողովուրդը, թե ոստիկանը, թե քաղաքական գործիչը, թե պետական պաշտոնյան:

Այո, քանի որ Տիրոջ տան սպասավորն իր հոգևոր խնամքն անխտիր բոլորի վրա է տարածել՝ ազգային համերաշխության ու միասնության թթխմոր դառնալով:

Թող ամենքին լսելի լինի՝ եկեղեցական նվիրապետության մեջ և հոգևոր կյանքում ընդմիշտ թագավորում է ինքնազոհ սերը, նվիրումը և հնազանդությունը՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի օրինակի և Սբ Ավետարանի վարդապետության:

Այս ամենը գրեցի, որպեսզի դուք, սիրելի հավատակիցներ, ճանաչեք Ճշմարտությունը և զատորոշեք Ճշմարտության կեցուցիչ ձայնը:

Մնանք հաստատուն մեր սուրբ հավատքի մեջ, մնանք հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածային նվիրապետությանը՝ ի գլուխ ազգընտիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:

Տեր և պաշտպան լինենք մեր ազգային ինքնությանը, ազգային իղձերին և մեր Մայր Հայրենիքին:

Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

միաբան

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ